Նորավանք, Ջրահարսի վարսեր (Ջերմուկի մեծ ջրվեժ), Սմբատաբերդ, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի՝

Նորավանք՝

 

Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, դժվարամատչելի կիրճի վրա։ Այն վաղ միջնադարից եղել է սրբատեղի այստեղ գործել է Ս. Փոկաս եկեղեցին՝ բուժիչ աղբյուրով։XIII դ. Նորավանքը դարձավ Սյունիքի հոգևոր կենտրոնը և Օրբելյանների տոհմական տապանատունը։ Այստեղ աշխատել են ճարտարապետներ Սիրանեսը և Մոմիկը։Համալիրի գլխավոր կառույցը Ս. Կարապետ եկեղեցին է (1216-1223, Լիպարիտ Օրբելյան), որին կից է գավիթը՝ Օրբելյանների տապանատունը։ Հյուսիսային կողմում Սմբատ իշխանի դամբարան-եկեղեցին է (1275, Սիրանես)։ Տարածության գլխավոր դոմինանտը Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է՝ Ս. Աստվածածինը (1339), որի բարձրաքանդակները կապվում են Մոմիկի ստեղծագործության հետ։Նորավանքի գավթի քանդակները առանձնանում են իրենց ինքնատիպությամբ։ Հատկապես ուշագրավ է Հայր Աստծո աննախադեպ մարդկային կերպարանքով պատկերումը։XVII–XVIII դդ. վանքը պարսպապատվել է։ Տարածքում պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր, որոնցից լավագույնները Մոմիկի ձեռագիր գործերն են։

Ջրահարսի վարսեր (Ջերմուկի մեծ ջրվեժ)՝

 

Ջերմուկի ջրվեժը ունի 72 մ բարձրություն։ Այն թեքությամբ թափվում է Արփա գետի մեջ ու հիշեցնում աղջկա վարսեր։ Ժայռերի հետ միասին ստեղծում է հիասքանչ տեսարան, ինչի պատճառով էլ ժողովուրդը այն կոչել է «Ջրահարսի վարսեր»։Ըստ լեգենդի՝ մի իշխանի դուստրը սիրահարվում է հովվի որդուն և գիշերները նրան պարանով բարձրացնում է իր մոտ։ Հայրը, իմանալով, անիծում է դստերը եթե կրկին հանդիպի սիրեցյալին, ջրահարս կդառնա։ Աղջիկը հերթական անգամ պարանին փոխարինում է իր վարսերով, և հենց այդ պահին անեծքը իրականանում է նրա վարսերը վերածվում են հրաշագեղ ջրվեժի։

Սմբատաբերդ՝

 

Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին:Համալիրն ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով):  Սմբատաբերդը պաշտպանված է Արտաբույնքի և Եղեգիսի խոր ձորերով։Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։Ջուրը ջրմուղով բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից:

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի՝

 

Ս. Գայանե կույսի անունը կրող Ս. Գայանե եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:Կառուցվել է 2007  թվականին` բարերարությամբ Աշոտ Արսենյանի և օծվել է 2007 թ. նոյեմբերի 17-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:Եկեղեցու ներսում՝ արևմտյան դռան վերևում, գրված է կառուցման մասին արձանագրությունը.<<Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգնի Բ եւ յառաջնորդութեան Տ. Աբրահամայ եպս-ի կառուցաւ զեկեղեցիս Ս. Գայանեայ բարերարութեամբ Աշոտ Արսենեանի ի թիվ 2007 ճարտարապետ Սամվել Աղաջանեան>>:Ս. Գայանե եկեղեցին պարզ գմբեթավոր փոքրիկ եկեղեցի է, ունի մեկ խորան, մկրտության ավազան, երկու ավանդատուն, երկու փայտաշեն դռներ` արևմտյան և հարավային կողմերում:Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 8 նեղ ու փոքրիկ լուսամուտների ու մեկ մեծ ջահի շնորհիվ:Եկեղեցին ներսից զարդարված է վեց մեծ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Քրիստոսի խաչելության, հայոց դարձի, Ս. Աստվածածնի և Ս. Գայանե կույսի նկարները:Գմբեթի կաթողիկեի ու չորս սյուների միջև պատկերված են չորս ավետարանիչների որմնանկարները, իսկ գմբեթի մեջ գրված է. <<Փառք Քեզ Տեր Աստված մեր, որ լսեցիր մեր Աղոթքը>>:Ս. Գայանե եկեղեցին ունի տարվա մեջ երկու ուխտի օր. Եկեղեցու օծման օրը` նոյեմբերի 17-ը և Ս. Գայանե կույսի հիշատակման օրը:

 

Տուրի նկարներ